Օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։
Քրգործերի հարուցման մասին օգոստոսի 25-ին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը։
- «ագրեսիվ պատերազմի վարում»;
- «լրտեսություն»;
- «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»;
- «հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»;
- «Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։