Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ֆեյսբուքյան էջի ապաակտիվացումը չի դադարում քննարկումների կիզակետում մնալ: Մարդիկ ակտիվ քննարկում են դրա պատճառները, դե իսկ մամուլն էլ տարատեսակ տեղեկություններ է հրապարակում և վարկածներ առաջ քաշում։ Թեման, հատկապես, վերաբերում է նախարարի՝ պաշտոնից ազատման լուրերին և նրա ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ևս ունի վարկած, թե ինչը կարող էր այս լարվածության առիթ դառնալ: Նա ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Թորոսյանի՝ նման քայլի դիմելու պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկն էլ հենց իր կողմից հրապարակված նամակագրության սքրինշոթերն են. «Թորոսյանն ուզում էր, որ դադարի հրապարակվող սքրինշոթերի արտահոսքը, երկրորդ պատճառը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մինասյան Արայից ներողություն խնդրելն է, երրորդն այն է, որ կարող է՝ Թորոսյանն այլևս նախարարի պաշտոն չզբաղեցնի։ Քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարը ստանում է ոչ միայն հասարակական, այլև իրավական գնահատական, ես տրամաբանորեն հակված եմ այն վարկածին, որ նա, ուղղակիորեն, ջնջել է  ֆեյսբուքյան իր էջը, որպեսզի իր արած արտահայտությունները և եթերները չպահպանվեն որպես փաստական հիմք, այնինչ, դրանք վաղուց արդեն փաստաթղթավորված, պահված են»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ Թորոսյանը և Փաշինյանը բազմաթիվ վիճելու առիթներ են ունեցել․ «Թորոսյանը իրեն թույլ է տվել Աննա Հակոբյանի՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ստացած գումարը ծխախոտային ընկերության կողմից անվանել անբարոյականություն․ սա ավելի լուրջ վեճի պատճառ էր, քան այն, ինչ հիմա է շրջանառվում։ Սկսած դրանից՝ վերջացրած ընթացիկ խնդիրներով, և ինձ թվում է՝ սա բեմականացում է, ուղղակի այսօր վարչապետը փորձում է այս բեմականացման արդյունքում «մաքրել» Թորոսյանի կերած փողերը, արած սխալները, որպեսզի Թորոսյանը կարողանա անխափան լքել երկիրը»,- ընդգծեց բժիշկը։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի՝ ԱԱԾ հրավիրվելու մասին լուրերին՝ Գրիգորյանը նշեց, որ դրա պատճառները բազմազան են․ «Թորոսյանը ապօրինի բարձրացրել էր «Գարդասիլ» պատվաստանյութի տարիքային շեմը, և դա հանցագործություն է ՀՀ բնակչության դեմ։ Պատճառներից են նաև կոռուպցիոն ռիսկերը, կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում իր արած միմյանց հակասող հայտարարությունները։ Բայց, կարծում եմ, որ այս տարիների ընթացքում վարչապետը բազմաթիվ անգամ ականատես է եղել, և, եթե նույնիսկ չի տեսել, ապա թե՛ ես, թե՛ գործընկերներս բազմաթիվ հրապարակումներով ցույց ենք տվել կատարված հանցագործությունները, սակայն որևէ արձագանք չի եղել։ Ինձ համար անիրատեսական է, որ վարչապետի կողմից դրա արձագանքը հիմա է տեղի ունենում։ Դրա համար եմ ես կարծում, որ սա զուտ բեմականացում է»,- մեկնաբանեց Գրիգորյանը։

«Ես Փաշինյան-Թորոսյան տանդեմի մեջ չեմ առանձնացնում նրանց, իրենք երկուսն էլ հավասարաչափ մեղավոր են մեր բնակչության առջև, և երկուսն էլ պարտավոր են պատասխանատվություն կրել։ Այն, ինչ խոսում են նրանց մամուլի խոսնակները, նրանց թելադրանքն է, այսինքն՝ արտահայտում են պաշտոնյայի կամ կառույցի դիրքորոշումը, որը օբյեկտիվ իրականություն լինել չի կարող»,- եզրափակեց բժիշկը։

Արփինե Հակոբյան