Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը: Միջոցառման տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:
Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյան (Գաստոն), Աշոտ Ղանթարջյան (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյան (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյան (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյան (Անինա):
Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են առցանց: