Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Beauty of Armenia» (Հայաստանը ափի մեջ) տուրիստական ընկերությունից բազմաթիվ քաղաքացիներ են տուժել։ Վերջիններս, ինչպես իրենք են ասում, ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանի խաբեության զոհն են դարձել։ Տուժողներից մեկը ֆեյսբուքում բացված խմբում հրապարակել է հայտնի դերասանների և բլոգերների մասնակցությամբ գովազդային տեսանյութ՝ ընդգծելով, թե որն է տուրիստական ընկերությանը վստահելու պատճառը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Beauty of Armenia»-ից 100-ավոր տուժած քաղաքացիներից Աստղիկ Աղայանն ասաց, որ դերասաններն ու բլոգերները ևս խաբված են, քանի որ գովազդի դիմաց Վահե Շահվերդյանը նրանց ոչ թե գումար է խոստացել վճարել, այլ մի քանի օրյա հանգիստ որևէ վայրում, սակայն պարզվում է նրանք ևս փոխհատուցում չեն ստացել իրենց կատարած աշխատանքի դիմաց։
Գովազդային տեսանյութում դերասաններ Ռոզի Ավետիսովան, Սաթենիկ Հազարյանը, Հասմիկ Խոջյանը, Ռուզաննա Մանուչարյանը, դերասանուհի-մոդել Անելյա Գուբրյանը, ինստագրամից հայտնի բլոգեր Վինգը, Լուսավորիկը և այլք։
Հիշեցնենք, որ տուրընկերությունը գայթակղիչ առաջարկ է ներկայացրել, այն է՝ X քանակով գիշերակաց Հայաստանի ցանկացած հյուրանոցում պատվիրելու դեպքում կստանան նույնքան գիշերակաց նվեր, սակայն ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը մեծաթիվ մարդկանց ներգրավվելով՝ Հայաստանում ամրագրումներ անելու համար փոխանցած գումարները վերցրել ու անհետացել է։