Սոցիալական ցանցերում քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում կապված քաղաքապետարանի կողմից նոր տեղադրված վերելակների աշխատանքի խափանման հետ: Պարզվել է, որ պատճառը տեխնիկական չէ. տենդերը շահած ընկերությունը պարզապես անջատել է վերելակները` պատճառաբաներով, որ քաղաքապետարանը չի վճարել իրենց հասանելի գումարը: Նմանատիպ մի պատմություն էր նաև անցած ամառ՝ Սանիթեք ընկերության հետ, որի աշխատակիցները պարբերաբար ցույցեր էին կազմակերպում քաղաքապետարանի դիմաց, պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: Քաղաքապետարանը աշխատակիցներին ուղղորդում էր Սանիթեք՝ պնդելով, որ աշխատավարձը վճարելու բեռը դրված է ընկերության ղեկավարության վրա, իսկ քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված գումարը արդեն իսկ փոխանցել է Սանիթեքին: Ընկերությունը իր հերթին պնդում էր, որ գումարը չի փոխանցվել: Այժմ էլ ցույց են անում վերելակների տեղադրման աշխատանքներում ներգրավված քաղաքացիները, ովքեր նույնպես մնացել են առանց աշխատանքի: Ընկերությունը պնդում է, որ քաղաքապետարանը չի վճարել անհրաժեշտ գումարները, և աշխատակիցների աշխատավարձը չվճարելու պատճառը հենց դա է:
Պետք է փաստենք, որ վերջին դեպքերը էլ ավելի են ամրապնդում այն մտայնությունը, որ Հայկ Մարությանի ղեկավարած կառույցի ֆինանսական գործերը այնքան էլ լավ չեն: Մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, որը ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց 1 հասցեում տեղակայված «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» պետական կառավարչական հիմնարկին: Արգիշտի փողոց 1-ը Երևանի քաղաքապետարանի հասցեն է: Փաստաթուղթը ծանուցագիր է, որով ՊԵԿ-ը քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային պարտավորություններ՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի:
Վերը նշվածը և ՊԵԿ հիշեցումը թույլ են տալիս ենթադրել, որ կա՛մ քաղաքապետարանը անվճարունակ է, կա՛մ չի ցանկանում կատարել իր ֆինանսական և հարկային պարտավորությունները: Մինչդեռ անչափ մեծ էնտուզիազմով պահանջում է այդ պարտավորությունների կատարումը տնտեսվարողներից, օրինակ` ռեստորանների սեփականատերերից, որոնք առանց այդ էլ զգալի տուժել են համավարակի պատճառով: Մնում է հասկանալ՝ իսկ ուր և ինչի վրա են ծախսվել բյուջեի գումարները, պարգևատրումների, թե այլ՝ երևանցիների կյանքի բարելավման հետ որևէ աղերս չունեցող, սակայն թավշյա պաշտոնյաների կյանքի բարեկեցության մակարդակը կտրուկ բարձրացնող ծախսերի վրա:
Քաղաքապետարանի անվճարունակության տարբերակը անչափ իրատեսական է` հատկապես հաշվի առնելով, որ միակ աննախադեպ բանը, որ աճել է Հայկ Մարությանի ղեկավարման շրջանում, դա Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտն է: 2019 թվականին Երևանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 մլրդ 269 մլն դրամ, իսկ եկամուտները եղել են 83 մլրդ 77 մլն դրամ: Այսինքն` դեֆիցիտը կազմել է բյուջեի մուտքերի մոտ 15 տոկոսը: Իսկ Երևանի 2018 թվականի բյուջում դեֆիցիտը ընդամենը 48 մլրդ դրամ է կազմել, այն դեպքում, երբ եկամուտները պլանավորված են եղել 80 մլրդ 189 մլն դրամ: Այսինքն` դեֆիցիտը կազմել է մուտքերի ընդամենը 6 տոկոսը: Մինչդեռ 2020 թ. Երևանի բյուջեում դեֆիցիտը պլանավորված է 9 մլրդ 112 մլն դրամ, այսինքն` եկամուտների 20 տոկոսը: Միևնույն ժամանակ այդ դեֆիցիտը չի խանգարել, որպեսզի Երևանի քաղաքապետարանում 2019 թվականին շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճարներ բաժանվեն:
Ինչպես տեսնում ենք` աննախադեպ է ոչ միայն եկամուտների, այլ նաև ծախսերի և դեֆիցիտի աճը: Նման խայտառակ ծավալի դեֆիցիտ Երևանը երբևէ չի ունեցել: Զուտ թվաբանական տվյալներով, 2019 թվականի համեմատ` դեֆիցիտը աճել է ավելի քան 7 անգամ: Դրա ֆոնին էլ քաղաքապետարանը ի վիճակի չէ կատարել իր ֆինանսական և հարկային պարտավորությունները: Դե իսկ բյուջեի 40 տոկոսը աշխատավարձերին և պարգևատրումներին ուղելը նշանակում է ընդամենը մեկ բան` երևանցիներն աշխատում են, որ պահեն քաղաքային իշխանություններին: