ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի ազատամարտիկներ եւ Պաշտպանության բանակի զինծառայողներ.
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվեց Արցախի հանրապետությունը:
Մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս փաստն ու իրողությունը, չնայած իրավական առումով լիովին համապատասխանում էր փլուզվող Խորհրդային Միության օրենսդրական պահանջներին ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, առայսօր մնում է անտեսված միջազգային հանրության կողմից:
Այս ընտրության համար, մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին, որը մեզ ավելի է պարտավորեցնում ջանք ու եռանդ չխնայել այն լուսավոր երազանքների իրականացման համար, հանուն որոնց մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներին:
Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար նահատակված եւ անհետ կորած ազատամարտիկների հիշատակի առջեւ, իսկ նրանց հարազատներին ու մարտական ընկերներին ուզում եմ հավաստիացնել, որ ՊԲ-ը երբեք նահանջ չի կատարելու այն իրական ու հոգեւոր բարձունքներից, որոնք նվաճվել են մեր ազգի նվիրյալների կյանքի եւ արյան գնով:
Հավերժ փառք մեր հերոսներին:
ՊԲ հրամանատարության եւ անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ Արցախի հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Պաշտպանության բանակը այսօր առավել քան երբեւէ, ամուր է կանգնած մեր պետականության, լուսավոր գալիքի եւ հայ ժողովրդի հավաքական արժանապատվության պաշտպանության դիրքերում եւ այսուհետ եւս, մենք՝ զինվորականներս ամեն ինչ անելու ենք, հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը ամեն գնով պաշտպանելու համար»,- ասվում է ուղերձում։