Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչփառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները:
Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «էս մեքենայի վերջը էս էր լինելու, վարորդն ու միջի ուղևորները ուռա, ուռա գոռալով մի քանի անգամ «զվռնեցին» փողոցով, մինչև հագան գազի ստոլբին: Միակ սփոփանքը էն ա, որ զոհեր չկան: Դե, սկոռին էլ շուտ եկավ, բայց հրաժարվեցին հիվանդանոցից»:
Ավելի ուշ աղբյուրը պարզել է վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել: