Մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է ՀՀ հատուկ խորհրդականի գործուղել, որ կիրականացնի նախապատրաստություն, ուսուցում, նաև այլ տեխնիկական աջակցություն Հայաստանի արդարադատության նախարարությանը, Հակակոռուպցիոն հանձնաժողովին և քրեական արդարադատության այլ համապատասխան ինստիտուտների հարցերի լայն սպեկտրում' միաժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարին: Խորհրդականը նաև կզբաղվի թրեյնինգներին քննիչների ուսուցողական այցերի կազմակերպմամբ ու Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող նախագծերի կառավարմամբ: Այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիներ: Ի դեպ, ուշագրավ է, որ այս տարվա փետրվարին ԱՄն պետդեպարտամենը նույնանման գործառույթներ կատարող մի խորհրդական էլ վարձել էր Ուկրաինա գործուղելու համար: Վերջինս պետք է օժանդակի Ուկրաինայի կառավարությանը՝ արդարադատության և իրավապահ համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ինչպես տեսնում ենք՝ ծանոթ սցենար է:
Ստացվում է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստան ուղարկել մարդու, ով ամերիկյան փողերով բացահայտելու է «ԱՄՆ-ի համար շահավետ կոռուպցիոն կապերը»: Հայաստանի իշխանությունները, իհարկե, հասկանում են, որ խորհրդականը ակտիվորեն փորփրելու ու բացահայտելու է տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օրինակ՝ հայ օլիգարխներն աշխատում Մոսկվայի հետ: Սա էլ իր հերթին հարվածելու է հայ-ռուսական առանց այդ էլ անկայուն և փխրուն հարաբերություններին: Իշխանությունները գիտակցում են ռիսկերը, սակայն գնում են այդ քայլին:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունից։ Ուշագրավն այստեղ, իհարկե, ձևակերպումն է՝ ընդառաջելով Հայաստանի կառավարության խնդրանքին, ինչից հետևում է այն ենթադրությունը, որ ՀՀ իշխանություններն' իրենք են դիմել ամերիկյան կողմին:
Սա էլ դեռ ամենը չէ. վերջերս պարզ դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը շուրջ 640 հազար ԱՄՆ դոլլար է հատկացնելու՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը՝ ժողովրդավարության մշակույթը ամրապնդելու նպատակով: Հասկանալի է, որ այս գումարները ուղղվելու են Հայաստանում գործող պրո-արևմտյան ուղղվածություն ունեցող ՀԿ-ին: Ի դեպ, այդ ՀԿ-ից շատերը հետհեղափոխական երկու տարիների ընթացքում արդեն հասցրել են իրենց վարկաբեկել հանրության աչքերում, հետևաբար կարիք կա նաև նոր ՀԿ-ի ստեղծման՝ այլ անվան տակ, սակայն նույն ծրագրով, այն է արևմտյան պրոյեկտների, օրակարգերի առաջ մղումը և իրագործումը Հայաստանում էլ ավելի մեծ ներուժով և ավելի մեծ ծավալի ֆինանսավորմամբ: Նույն ժամանակ էլ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար, ինչը նույնպես յուրահատուկ ժեստ է:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից կոնֆրոնտացիայի մեջ մտնելով սորոսականների հետ, փորձելով նվազեցնել կախվածությունը նրանցից և անելով պրո-ռուսական ռևերանսներ՝ Վաղարշակ Հարությունյանին խորհրդական նշանակելը, Բելոռուսի նախագահին շնորհավորելը, Լիդիանի պահնորդներին Ամուլսարից հեռացնելը, հայ-ռուսական ռազմական համագործակցության զգալի խորացումը, մյուս կողմից առնվանզ մեկ ոլորտ՝ արդարադատության ոլորտը հանձնում է ԱՄՆ արտաքին կառավարման: Պատճառն էլ թերևս այն է, որ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ տեղի տալով արևմուտքի ճնշումներին,որոնք պայմանավորված են նրանով, որ Փաշինյանը ուշացնում է ստանձնած պարտավորվածությունները իրագործելը: Մյուս կողմից էլ Փաշինյանը գիտակցում է, որ սորոսականների հետ բացահայտ կոնֆրոնտացիան կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ արևմուտքը վերջիններիս կհանի իր վերահսկողության տակից և կդնի մեկ այլ քաղաքական ուժի կամ գործչի վերահսկողության տակ: Խորհրդարանական ֆրակցիայում 13-15 հոգանոց սորոսական խումբն էլ մի գեղեցիկ պահի կարող է պարզապես առանձնանալ Իմ Քայլից՝ Փաշինյանին թողնելով առանց խորհրդարանական լծակների զգալի մասի: Սա մի սցենար է, որը Նիկոլ Փաշինյանը որևէ դեպքում չի կարող թույլ տալ՝ շատ մեծ է իշխանության կորստի վախը, սակայն այդ վախը առկա է նաև ռուսական կողմի հետ հարաբերությունները վատթարացնելու պարագայում: ՌԴ-ն կարող է օգտվել Փաշինյանի անկում ապրող վարկանիշից և մոբիլիզացնել Հայաստանում առկա պրո-ռուսական քաղաքական ուժերին՝ հասնելով իշխանության փոփոխությանը: Հենց սա է ստիպում Փաշինյանին փորձել տեղավորվել միանգամից երկու աթոռների վրա և պարբերաբար ռևերանսներ անել մեկ ռուսական կողմին, մեկ էլ՝ ամերիկյան: