«Այսբերգ» կարաոկե ակումբում հարբած վիճակում դիտավորյալ անծանոթուհուն հպված եւ նրա ամուսնու դիտողություններից ծեծկռտուք սարքած 28-ամյա Արմեն Ավետիսյանը դատապարտվել է 2-ամսյա ազատազրկման: Նա վճիռը բողոքարկել է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Արմեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Այսբերգ» կարաոկե ակումբի պարասրահում պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դ. Փ-ին, ինչը նկատելով վերջինիս ամուսին Վլադիմիր Բադալյանը դիտողություն է արել: Սակայն Ա. Ավետիսյանը, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վրդովվելով այդ հանգամանքից եւ արհամարհելով պարասրահում գտնվող քաղաքացիներին' մասնավորապես Վ. Բադալյանին, Դ. Փ-ին եւ Է. Վ-ին, իր անձի գերազանցությունը մյուսների հանդեպ ցուցադրելու խեղաթյուրված արտահայտմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ակումբի հաճախորդների նկատմամբ' նրանց ներկայությամբ վեճի է բռնվել Վ. Բադալյանի հետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները' արդեն ակումբի ծառայողական միջանցքում հնչեցրել անհասցե հայհոյանքներ եւ բռնություն գործադրելով' քաշքշել է Վ. Բադալյանին:

Այդ ընթացքում կոտրվել է նաեւ ակումբի գույք հանդիսացող նարգիլեն: Արմեն Ավետիսյանը բռնություն գործադրելով' անհիմն հարվածներ է հասցրել այնտեղ մտած իր ծանոթ Աշոտ Կարապետյանին: Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Արմեն Ավետիսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Վերջինս դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից։

Ստացվել է վերաքննիչ բողոք: Ապրիլի 5-ին նշանակվել է դատական քննության օրը: