« Մարտի 1» -ի զոհերի իրավահաջորդները դադարեցնում են մասնակցությունը գործով դատավարությանը: Այս մասին նրանք հայտարարեցին  հերթական դատավարության ժամանակ: Դատավարությանը այլևս չեն մասնակցելու, քանի որ ինչպես իրենք են նշում, դա «թանկարժեք ժամավաճառություն» է:

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց զոհերի իրավահաջորդներից մեկի՝ Սարգիս Քլոյանի հետ, ում կարծիքով  դատական համակարգը պետք է ամբողջովին փոխվի.  «ՀՀ դատական համակարգը շատ վատ վիճակում է: Իսկ մենք՝ զոհերի հարազատներս, ինչքա՞ ն կարանք 2 տարի շարունակ գնանք-գանք: Քոչարյանականները մեզ վիրավորում են, անպատվում են, անգամ, ամենավերջին խոսքերն են ասում. մի կերպ ենք հասնում տուն: Չունենք Վճռաբեկ դատարան, չունենք Սահմանադրական դատարան, տեսեք՝ ինչ վիճակում է մեր դատական համակարգը: Այդ պատճառով մենք մեր ձայնը բարձրացրեցինք՝ հրաժարվելով մասնակցել դատական նիստերին, մինչև տեսնենք՝ ինչ կլինի, կփոխվի՞ դատական համակարգը, կունենա՞նք իրավական պետություն, թե՞ ոչ»,- նշեց նա :

Ըստ նրա՝ « Մարտի 1» -ի  գործով դատավորը ընկճված վիճակում է՝ ՀՀ դատական համակարգի պատճառով. « « Մարտի 1» -ի գործով մեր դատավոր Դանիբեկյանը ինչպե՞ս կարող է այդպիսի ծանր գործ բացահայտել: Դատավորը շատ ընկճված է, դուխը չի հերիքում, ու չենք կարողանում մտնել դատական փուլ: Երբ որ մենք կունենանք նորմալ Վճռաբեկ և Սահմանադրական դատարան, այդ ժամանակ էլ  դատավորը այլևս ընկճված չի լինի, նա ոչ թե վախենում է, այլ անհույս է»:

Զոհված Գոռ Քլոյանի հայրը այն կարծիքին է, որ իշխանությունը կարող է օգնել իրենց խնդրի լուծմանը, եթե անցնի գործողությունների. 

« Ազգային ժողովը պետք է անցնի գործի, պետք է հեղափոխությունը մինչև վերջ հասցնի իր ավարտին: Դատական համակարգը պետք է մաքրել  հանրապետական թափթփուկներից, միայն այդ ժամանակ  մենք կունենանք մաքուր դատական համակարգ: Նախկին իշխանություններն ու դատավորները ինչեր  ասես, որ չեն արել: Ունեցել են մոտ 100-ից ավել քաղբանտարկյալներ, որոնք հիմա կամաց-կամաց արդարանում են: Սա է մեր իրականությունը»,- ընդգծեց Սամվել Քլոյանը:

« Մարտի 1» -ի գործով զոհվածների իրավահաջորդները հավատով և հույսով սպասում են պատգամավորների տված խոստումներին. «Պատգամավորները ասել են, որ կամաց-կամաց անցնում են նորմալ դատական համակարգի, բայց չգիտեմ՝ կամաց-կամացը՝ երբ է լինելու: Աստված տա այդպես լինի: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Իսկ մինչ այդ, մենք չեզոքություն կպահպանենք, դատական գործընթացներին էլ կհետևենք  օնլայն տարբերակով»,- նշեց Սարգիս Քլոյանը :

Զվարթ Պետրոսյան