Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը։ 

Նրա խոսքով՝ մահվան պատճառը մկնդեղից թունավորումն է եղել․ «Ասում են պատճառը մկնդեղն ա եղել, բուժում չեն տվել, դրանից մահացել է, ասեցին Վարդենիսի հոգեբուժարանում։ Կռիսը ձուկն ա կերած եղել, ինքն էլ մկնդեղոտ ձուկն ա կերել, անցել ա արյան մեջ։ Բոլորս թունավորված ենք»,- պատմեց մահացած կնոջ սկեսուրը։ 

Մեզ հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ից հաստատեցին, որ երեկ իրենց մոտ Անուշ Բադալյան անունով կին է մահացել։ Թե ո՞րն է եղել մահվան պատճառը, բժշկական կենտրոնից փոխանցեցին. «Էստեղ գրված է թոքաբորբից»,- նշեցին բժշկական կենտրոնից։ 

«Սևանի» ԲԿ-ից հայտնեցին նաև, որ կինը իրենց մոտ էր տեղափոխվել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ից։

 
 

Հիշեցնենք, որ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ Օրեր անց 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։ Ընտանիքի մյուս 5 երեխան ևս տեղափոխվել էր «Մուրացան» հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել: Երեխաների պապը ևս տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։ 

Հավելենք, որ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Նշենք, որ ընտանիքը հայտնի է նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից։ 

Սոնա Հարությունյան