Hraparak.am-ը գրում է.
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։
Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։ Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր ազատվել Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։
Մենք մոտավորապես 50 և ավելի կայանված ավտոմեքենա հաշվեցինք ռեստորանային համալիրի դիմաց և ռեստորանի ավտոկայանատեղիներում, վերնախավի թանկարժեք ավտոմեքենաները կայանված էին հիմնականում երկրորդ հարկում։ Իրականում դժվար է ասել, թե հյուրերի թիվը արդյոք գերազանցում է 60-ը, թե ոչ, թեպետ գեներալ Աղաջանյանը իր աչքի առաջ ունենալով գենշտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն ու այս դեպքում արդեն անձամբ Փաշինյանի ներկայությունը, դժվար թե 60 հոգուց ավելի «մարդ կանչեր»։
Մամուլում բազմիցս է գրվել, որ ռեստորանը, որտեղ և տեղի է ունենում վերոնշյալ հարսանեկան արարողությունը, դե ֆակտո պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Հրազդանի կիրճում գործող շքեղ այս ռեստորանային համալիրը Կարապետյանի որդու անվամբ է։ Կարապետյանն ինքն անձամբ, դեռ 2011 թվականին, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ չէր հերքել, որ առնչվում է «Ֆլորենսի» հետ
«Այո՛, այդ կառույցի հետ ես առնչություն ունեմ: Հրազդանի կիրճում մենք մի խումբ ընկերներով կառուցել ենք ռեստորանային համալիր: Ընդ որում, այդ ընկերներիս մի մասը արտասահմանից է: Վստահ եմ, որ լավ բան ենք կառուցել , ու մեր արածի համար չեմ ամաչում»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Կարապետյանը։