Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից' մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու:
Դիցուք՝ հուլիսի 23-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գռեհիկ բառապաշարով վիրավորական գրառում էր կատարել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հասցեին: Կարապետյանը՝ իր խոսքերով' «երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ գոմիկըստաններում ծվարած պորտաբույծ տխմարամիտներին» փորձել էր «հասկացնել», որ իրենց ագրեսիվ ակցիաները երկիրը չեն պաշտպանում: «Իրենց ինֆանտիլ վարքով վնասում են երկրին ու ժողովրդին: Շարունակեք լռվցնել ձեր լագերներում, ու աշխատեք շատ աչքի չնկնել, դա մեզ ավելի շատ օգուտ կտա»,- գրել էր Կարապետյանը: Նմանատիպ գրառում էլ խոսնակը արել էր ամիսներ առաջ՝ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»:
Իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ծաղրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգություններ ունեն Իրանում տարածվող նոր տիպի կորոնավիրուսի մասով։ Պատգամավորը կարծում է, որ այդ քաղաքացիները «պանիկա տարածողներ» են: «Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ինքապարգևատրման մասին վերջերս հրապարակում արեց «Հետք» պարբերականը, սակայն մարզպետը այն որակեց ապատեղեկատվություն այն դեպքում, երբ դա ապացուցող փաստաթուղը լրատվականին տրամադրել էին մարզպետարանից: Դա էլ քիչ էր, նա վիրավորական արտահայտություն էր արել լրագրողի հասցեին:
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հատուկ թերհասների համար! Հայկ և Նաիրի Սարգսյաններն իմ ընկերներն են։ Ու են որ Հայկը խախտել էր պարետի որոշումը (որի համար տուգանվել է) ձեզ իրավունք չի տալիս ավել պակաս հաչալու։ Ձեզ էլ եմ հասկանում ո՞նցա կարելի Սևան գնալ ու հասարակ լողափին ժողովրդի հետ ուրախանալ, առանց հաստավզերի, առանց կոկայինի, առանց մի քանի միլիոն դոլարներ կրվելու։ Ախր շատ հարամ ենք է, ամեն ինչ փոխում ենք։ Ապրե'ք ձեր կյանքով ճնճղուկներ»:
Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ծաղրում է կորոնավիրուսից անհանգստացող քաղաքացիներին, մի դեպքում, երբ մարդիկ արդարացիորեն իրենց անհանգստությունն են հայտնում ու հարցերը ուղղում Առողջապահության նախարարությանը սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում։ Դրան ի պատասխան' նախարար Թորոսյանը արձագանքում է ծաղրով։ Իբր, բան չեք հասկանում, ձեզ դրել եք վիրուսագետի տեղ։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Օհանյանն էլ չէր խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերեից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ, գրելով կոկաինսա պրծել քրիստոս ջան: Հանրության հիշողության մեջ դեռևս թարմ է, թե ինչպես էր տրանսպորտի փոխնախարարը աղավաղում տերունական աղոթքը՝ ակնհայտ կերպով ծաղրի ենթարկելով քրիստոնեական արժեքները, աղոթում Լարսի բացման համար՝ դրանով իսկ ապացուցելով, որ իր զբաղեցրած պաշտոնում ինքն առանձնապես անելիք չունի, և հազարավոր վարորդների խնդրի լուծումը մնում է Աստծո բարեհաճությանը:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ծաղրանկար, որում թիրախավորված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարում ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչները: Փաստորեն ՀՀ հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոցն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու փոխարեն ընդդիմադիրների հակաքարոզչությամբ և ծաղրանքով է զբաղվում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ իր հերթին՝ կարանտինի ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի անջատումներից դժգոհող քաղաքացիներին հետևյալ խորհուրդն էր տալիս՝ «ասում են՝ լվացքս մնացել է լվացքի մեքենայի մեջ, ո՞նց անեմ, դու էլ հանի ձեռքվ լվա, ի՞նչ կլինի»: