Իմ թեկնածությունը դեռևս որևէ մեկը չի շոշափել որպես ՍԴ նախագահ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:
Հարցին՝ ինքն ուզո՞ւմ է դառնալ ՍԴ նախագահ, նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունի, քննարկում չի եղել. «Քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»:
Դիտարկմանը, որ եթե առաջադրվի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ՍԴ ճգնաժամը կշարունակվի՞, Խունդկարյանն արձագանքեց. «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի լրիվ օրենքի պահանջների համաձայն»:
Հարցին, թե լուրեր են պտտվում, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թողել այն երաշխիքով, որ դառնալու է ՍԴ նախագահ, Խունդկարյանը ասաց․ «Նման քննարկում չի եղել: Որևէ մեկը չէր կարող նման երաշխիք տալ ու չի տվել, որովհետև որպեսզի դատական ատյանի որևէ դատավոր դառնա ՍԴ դատավոր, պետք է դատավորների ընդհանուր ժողովը, ԱԺ-ն և ՍԴ դատավորները ընտրեն»: