Ցավոք, այսօր աննախադեպ էր այն իմաստով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի շրջանը, հարձակումը տեղի ունեցավ ավիացիոն և հրթիռային, ինչպես նաև օդային հարձակման այլ միջոցներից: Մասնավորապես' խոսքը վերաբերում է մարտական ԱԹՍ-ներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնց մասին բարձրաձայնվել էր մեր կողմից ու որոնք գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցել էին ադրբեջանական օդուժի ու այլ հարձակողական գործողությունների համակարգմանը, այսօր խոցել են ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, ցավոք, օդաչուն մահացել է:
Ադրբեջանը շտապեց հերքել դա՝ դա անելով շատ ծիծաղաշարժ բառապաշարով՝ նշելով, թե նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերում չկա: Մենք դա շատ լավ գիտենք, դրանք պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին»,- ասաց Հովհաննիսյանը :