Արցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային երկու զինծառայողներ Դավիթ Մխիթարի Թորոսյանը և Վահե Արմենակի Մկրտչյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էին։ Գյուղում բոլորը սգում են նրանց մահը՝ մեծից- փոքր։
«Ե՛վ Վահեն, և՛ Դավիթը՝ որպես աշակերտներ, որպես երիտասարդներ, ամենափայլուն, ամենալուսավոր, ամենագիտակն են եղել: Մեր համայնքի պարծանքն են եղել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակցուհին:
Վահեն սովորում էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ Դավիթը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
Աշխատակցուհին պատմում է՝ դպրոցում երկուսն էլ գերազանց առաջադիմություն են ունեցել, շատ խելացի, ամեն բնագավառից գաղափար ունեցող, ակտիվ, գյուղի համար ամեն հարցով՝ դեռ դպրոցական տարիներից, պատրաստակամ կանգնած են եղել:
«Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել էին ծառայության՝ զորացրվելուց հետո շարունակելու պայմանով: Դավիթը հունվարին էր զորակոչվել, Վահեն, եթե չեմ սխալվում, անցյալ ամռանը»,- ասաց աշխատակցուհին է հավելեց. «Մենք պարտական ենք իրենց»:
Արփինե Հակոբյան