ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին տնտեսության խթանման շուրջ բանակցությունների դադարեցման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա (Թրամփը) ավարտել է բանակցությունները, որոնք դժվար իրավիճակում կարող էին օգնել մեր բիզնեսին, դպրոցներին, ընտանիքներին եւ գործազուրկներին, դա կարող էր պահպանել հարյուր հազարավոր աշխատատեղեր։ Չկասկածե՛ք՝ եթե աշխատանք չունեք, ձեր բիզնեսը փակված է կամ ձեր երեխայի դպրոցը փակված է, եթե ձեր քաղաքում աշխատանքից ազատումներ եք տեսնում, ապա հենց Դոնալդ Թրամփն է այսօր որոշել, որ այդ ամենն իր համար կարեւոր չէ։ Տեսանելի հեռանկարում Վաշինգտոնից օգնություն չի լինի»,- նշված է Բայդենի գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Թրամփը դրա փոխարեն «խելագար պոռթկմամբ» ձգտում է մինչեւ ընտրությունները հաստատել Գերագույն դատարանի դատավորին։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմոկրատների հետ տնտեսության խթանման շուրջ բանակցությունները չեղարկվում են մինչեւ ընտրությունները, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տնտեսությանն աջակցելու համար պահանջում է 2,4 տրիլիոն, իսկ վարչակազմը պատրաստ է տալ 1,6 տրլն դոլարից ոչ ավելի։
Ընդ որում՝ ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Ջերոմ Փաուելը երեքշաբթի ասել էր, որ տնտեսության անբավարար աջակցությունը կհանգեցնի ճգնաժամից հետո դանդաղ վերականգնման։ Փելոսին Թրամփին մեղադրել էր, որ նա ականջալուր չի եղել այս նախազգուշացումներին, մինչդեռ Թրամփն էլ Փելոսիին մեղադրել է դեմոկրատների ղեկավարած «վատ կառավարվող» նահանգներին օգնելու ձգտման մեջ, այլ ոչ թե կորոնավիրուսից տուժածներին։
Կոնգրեսն ավելի վաղ 3 տրլն դոլար էր հատկացրել ՀՆԱ-ի խթանմանը եւ COVID-ց տուժածների օգնությանը, իսկ ԴՊՀ-ն պարտավորվել էր տրամադրել եւս մի քանի տրիլիոն վարկեր եւ երաշխիքներ տնտեսության աջակցության համար։