Սեպտեմբերի 29-ին պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանը, որպես պահեստազորային սպա, կամավոր արդեն առաջնագծում էր։ Սակայն ծառայությունը իրականացնելիս՝ Էրիկ Օհանյանը ձախ այտի շրջանում բեկորային վնասվածք է ստացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին է հայտնում մարզիկի կինը՝ Նելլի Սարգսյանը, որը տեղյակ չէր , որ ամուսինն առաջնագիծ է մեկնում․ «Էրիկն ինձ ասել էր, որ միայն օգնություն է տեղափոխում Արցախ: Իմացել եմ, որ առաջնագծում է եղել միայն այն ժամանակ, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Էրիկը հիվանդանոցում է, վիրահատվում է»,- նշում է Նելլի Սարգսյանը։
Նա մեզ հայտնեց նաև, որ Էրիկը աչքերը բացելուն պես, ասել է․ «Ուրախ եմ, որ իմ փոխարեն զինվոր չի եղել»։
Նելլին նշեց, որ Էրիկը վիրավորվել է հոկտեմբերի 4-ին և նրան անմիջապես տեղափոխել էին Խոջալուի հոսպիտալ, բայց հետո վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել, ինչի պատճառով տեղափոխել էին Երևան՝ Էրեբունի հիվանդանոց:
Մենք կապ հաստատեցինք նաև Էրիկի հետ, որն ասաց՝ ինքնազգացողությունն լավ է։ Չնայած նրան, որ վիրահատությունն արդեն եղել է, բայց բեկորը դեռ չի հեռացվել․ «Քանի որ բեկորը շատ հարմարավետ է տեղավորվել,- կատակում է Էրիկը, «որոշեցինք, այն պահել մոտ 3-6 ամիս, որի ընթացքում դիմային նյարդս կվերականգնվի»,- ասաց Էրիկը։
Վերջինս հիվանդանոցից դուրս գրվելուն պես պատրաստ է նորից մեկնելու առաջնագիծ․ «Եթե թուրք շունը փորձի շարունակել այս կռիվը, միանշանակ, ապաքինվելուս հենց հաջորդ օրը կլինեմ Արցախում»,- ընդգծեց նա։
Իսկ վերջում նա ցանկացավ իր հիացմունքը հայտնել առաջնագծում կանգնող տղաների հայրենասիրության և քաջության առնչությամբ․ «Այսօրվա սերունդը, իրոք, հայ ազգի տերն է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե նրանք ինչպիսի արիությամբ են պահում մեր հայոց հողը»,- եզրափակեց Էրիկ Օհանյանը։