Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հոկտեմբերի 10-ին կարողացել է մուտք գործել Արցախի Հադրութ քաղաք և քաղաքի մոտակա տարածք՝ ժամերի ընթացքում քաղաքը գրավելու նպատակով: Սակայն հայկական ուժերի վերադասավորման արդյունքում Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը ներկայում քաղաքի վարչակազմի շենքում է: Այս մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քանի որ Ալիևը հայտարարել էր իբր գրավել են Հադրութը և հրադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածը հասցրել է Հադրութ քաղաքին: Նրանք հաստատ ունեցել են պատրաստված ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և այլ երկրների երևի հատուկ ծառայություններից ուժեր: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք համատեղ ձևավորել են դիվերսիոն մի խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, այլ հրադադարը սկսելու ժամերի ընթացքում գրավել Հադրութը»,-ընդգծեց Հարությունյանը:

 

Նա ասաց, որ հակառակորդին հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք, քաղաքի մոտակա տարածք և առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Արցախի Հանրապետության նախագահը շեշտեց, որ հայկական ուժերին հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը քաղաքի վարչակազմի շենքում է: Արցախի նախագահը ասուլիսից անմիջապես առաջ է նրա հետ զրուցել: