Ռազմական դրությամբ և զորահավաքով պայմանավորված՝ շատ ճանապարհաշինարարներ կամավոր մեկնել են Արցախի Հանրապետություն՝ պաշտպանելու հայրենի սահմանները։ Սակայն ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում չեն դադարել։
«ԱԱԲ պրոեկտ» ընկերության փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանը նշում է‚ որ առկա ուժերով շարունակում են շինարարությունը։ Թեև շատ աշխատակիցներ՝ ծրագրի ղեկավարից մինչև բանվորական անձնակազմ‚ կամավորագրվել են‚ սակայն անում են առավելագույնը՝ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարելու համար։ Ըստ Բաբկեն Ավետիսյանի՝ իրենց ընկերության կողմից այժմ հիմնականում աշխատանքներ են տարվում Հ-75‚ Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության‚ Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.7 կմ երկարությամբ հատվածի‚ Մ-6 միջպետական ճանապարհի վրա։ Այլ շինտեղամասերում աշխատանքներն ավարտական փուլում են։
«Արհովշին» ընկերության փոխտնօրեն Արման Սեյսյանը նույնպես ընդգծում է‚ որ շինարարությունը շարունակում են հանրապետության տարբեր հատվածներում։
«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացնում է‚ որ իրենց ընկերության կողմից այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Երևան-Սևան ավտոճանապարհին‚ այս օրերին ավարտվել է Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ճանապարհի 45-րդ կմ-ի վրա գտնվող կամրջի նորոգումը‚ այլ հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում։ Ըստ «Արարատ ճանշին»-ի գլխավոր ինժեների՝ ռազմաճակատին օգնում են ինչով հնարավոր է‚ նաև սեփական տեխնիկայով կազմակերպում են հումանիտար օգնության տեղափոխում։ Պարոն Սարգսյանը նկատում է‚ որ այս տարի ստանձնած ճանապարհաշինական բոլոր պարտավորությունները նախանշված ժամկետներում կհասցնեն ավարտել։
Ըստ ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչների՝ թեև դժվարությունները շատ են‚ այդուհանդերձ‚ առկա ռեսուրսներով այս օրերին փորձում են անել առավելագույնը։
Ճանապարհաշինարարները մեզ հետ զրույցներում վստահեցնում են‚ որ ցանկացած իրավիճակում զինվորի կողքին են. զինվորը մարտի դաշտում է պայքարում‚ իրենք էլ իրենց աշխատանքով ցույց են տալիս‚ որ մեր երկիրը կանգուն է‚ թիկունքը՝ ամուր։