Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում, թույլ ենք տվել վերցնել մի քանի դիակ, մենք էլ ենք վերցրել, եւ անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե այժմ ինչ իրավիճակ է Հադրութ քաղաքում` նա ասաց. «Հադրութը եւս այնպիսի իրավիճակում է, որտեղ երբեմն ներթափանցում են ադրբեջանական դիվերսիոն խմբեր, որոնց դեմ մեր ԶՈՒ-երը պայքարում են, բայց քանի որ տեղանքը լեռնային է, անտառային է, կտրտված է, եւ այլն, նման խմբերի ներթափանցումը չի բացառվում»։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ աշխարհում դեռ ոչ ոքի չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի.
«Սրա մասին խոսվում է վերջին քսան տարում ողջ աշխարհում, ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում։ Չկա ոսկե լուծում ԱԹՍ-ների դեմ, դրանք մինիատյուր տեխնոլոգիաներ են, կոմպլեքս լուծումներ պիտի կիրառվեն՝ հայտնաբերող, հավաստանշող, խոցող, պայքարող միջոցառումների ընդհանրություն։ Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ները ամենաշատ գլխացավանք ներկայացնող զինատեսակներից են»։