Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ խոսեց առաջին փուլում Ղարաբաղի 5 շրջանների տարածքների փուլային ազատման մասին: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում բացառեց Լավրովի առաջարկած տարբերակը՝ ասելով. «Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր»: Լավրովի հայտարարությունը և վարչապետի ուղերձը տարբեր հարթակներում քննարկումների առիթ դարձավ, որի համատեքստում քննարկվեց նաեւ հայ -ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը:

Այս թեմայով մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ում կարծիքով` Լավրովի հայտարարությունը նորություն չէր ոչ մեկի համար. «Բոլորիս հայտնի է եղել իրենց դիրքորոշումը, այն է՝ ինչ-որ տարածքների հանձնումը Ադրբեջանին, և որ Ղարաբաղը պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա: Նա ընդամենը ներկայացրել է, թե Ռուսաստանը ինչպիսի լուծում է տեսնում Ղարաբաղի խնդրին: Բայց եկեք չմոռանանք, որ դա չի շեշտվել ներկայիս կոնտեսքստում: Լավրովը, Արցախի 5 շրջանները ազատել ասելով,  նկատի ուներ ոչ թե այս ժամանակամիջոցը, այլ ընդհանրապես: Տարածքներ տալու կամ չտալու հարց այստեղ չի կարող լինել: Կարծում եմ` հայ հասարակությունը իզուր է խառնվել իրար: Ես Լավրովի խոսքում որևէ մտահոգիչ բան չտեսա»,- ընդգծեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանը խոսեց նաև կարևորի մասին. «Գլխավորն այն է, որ հիմա Ռուսաստանը պնդում է, որ պետք է զինադադար կամ հրադադար կնքվի, որը շատ դրական եմ գնահատում, ՄԻՆՍԿ-ի խումբը ևս դրա կողմնակիցն է»:

Քաղաքագետը անդրադարձավ նաև վարչապետի ուղերձին, որը, ըստ իր գնահատման, շատ փայլուն և գրագետ ելույթ էր. «Քանի որ Ադրբեջանը չի հարգում իր կողմից ստորագրված ՄԻՆՍԿ-ի փաստաթուղթը՝ համաձայնությունը, մենք շարունակում ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը և այստեղ ոչ մի հակասություն ոչ մեկի հետ պետք չէ փնտրել: Վարչապետի ելույթը ավելի շատ կապված էր Ադրբեջանի քաղաքականության հետ, որ իրենք շարունակում են ուժով լուծել Ղարաբաղի հարցը, իրենք շարունակում են պատերազմական գործողությունները: Համամիտ եմ վարչապետի հետ այն մասով, որ պետք է համախմբված լինենք և գնանք առաջ»,- ընդգծեց քաղաքագետը:

Մեր զրուցակիցը այն կարծիքին է, որ այսօրվա երկու կողմերի կատարած հայտարարություններից հետո որևէ խոսք չի կարող գնալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների սրման մասին:

Զվարթ Պետրոսյան