ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որով հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիներին, Հայաստանում առաջացրել է խիստ հակասական արձագանքներ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ Պոմպեոյի հայտարարությունը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից։

«Նախևառաջ, Պոմպեոն մեզ համար դրական և նպաաստավոր կետեր նշեց՝ ասելով, որ Թուրքիան ագրեսոր է, որ ԱՄՆ-ն չի ընդունում այդպիսի պահվածքը, որ հույս ունի՝ հայերը կհաղթեն։ Սա նաև նշանակում է, որ մենք ազատ ենք՝ արտաքին հարաբերությունները զարգացնենք այնպես, ինչպես որ պետք է և ինչպես որ հրամայականն է։ Այսինքն՝ պետք է մեր եղբայրական երկրների հետ խորացնենք փոխգործակցությունը և դա անենք առաջին հերթին Ռուսաստանի, ապա Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ։ Այս տեսակետից նա հույս է հայտնում, որ մենք կհաղթենք, իսկ մենք գիտենք՝ ինչպես հաղթել թե՛ մարտի, թե՛ դիվանագիտական, թե՛ կոալիցիաներ ձևավորելու դաշտում։ Սա շատ լավ է և ցույց է տալիս, որ Ամերիկան նույնպես դժգոհ է Թուրքիայի պահվածքից», - ասաց նա։

Բաբայանը նշեց՝ մյուս կողմից մենք ակնկալում էինք ավելի կոշտ արձագանք, որովհետև Թուրքիան արհամարհեց ԱՄՆ-ին՝ այստեղ սկսելով պատերազմ և այդ մասին տեղյակ չպահելով նույնիսկ ԱՄՆ-ին․ «Եթե ԱՄՆ-ն հանդիսանում է գերտերություն աշխարհում և տարբեր տարածաշրջաններում խաղաղության, կայունության, հավասարակշռվածության  պահպանման գործում և հիմա Թուրքիան նման պահվածք է դրսևորում, պաշտոնական Վաշինգտոնը կարծես թե չի փորձում սանձազերծել ագրեսորին․ ի՞նչ է սա նշանակում՝ ժամանա՞կ չունի, թուլանո՞ւմ է, թե՞ ինչ։ Ես համոզված եմ, որ կոշտ արձագանք լինելու է տարբեր պատժամիջոցների ձևով, բայց փոքր-ինչ ավելի ուշ։ Այս պահին մենք պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, պատերազմը կանգնեցնենք մաքսիմալ հարվածներ հասցնելով ու պահպանելով մեր երկիրը ագրեսիայից»,- նշեց ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը։

Ըստ նրա՝ մենք գործ ունենք ամեն ինչի պատրաստ թշնամիների և ահաբեկիչների  հետ, հետևաբար մյուս երկրներին որակումներ պեք չէ տալ․ «ԱՄՆ-ին որակել այսպիսին է, այնպիսին է՝ ես չեմ ընդունում։ Որոշ պրովոկատորներ Ռուսաստանի դեմ էլ էին այդպիսի քայլեր անում։ Չի կարելի, քանի որ մենք պետք է լինենք հավասարակշռված և հասկանանք՝ ով է մեր եղբայրը, բարեկամը, ով կարող է ծանր պահին մեզ ձեռք մեկնել կամ չմեկնել։ Իսկ սա արվում է ոչ թե պատերազմի ժամանակ, այլ նախօրոք»,- նշեց Բաբայանը։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Պոմպեոն ակնարկեց այն մասին, որ Վաշինգտոնը սկսել է որոշակի ջանք Թուրքիային զսպելու ուղղությամբ, Բաբայանը պատասխանեց․ «Եթե քարտ-բլանշ է տալիս և ասում է պաշտպանվեք և հաղթեք, իհարկե, սա զսպող մեխանիզմ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։ 

Սոնա Հարությունյան