Քաղաքացիները խաղաղ ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն և գերմաներեն գրված էր. «Կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախը», «Մի լռեք», «Գերմանիա, ձեր լռությունը սպանում է մարդկանց» և այլն:
Նրանց պահանջներից մեկը նաև այն էր, որ Գերմանիան ճանաչի Արցախը: Մասնակիցները վանկարկում էին. «Մենք Արցախ ենք», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Բացեք ձեր աչքերը» և այլն:
«Մենք դեսպանի հետ հանդիպում ենք պահանջում, որպեսզի երես առ երես խոսենք նրա հետ, հասկանանք իրենց դիրքորոշումը, թե որքանով են իրազեկված: Պետք է նաև հասկանանք, թե որքանով են պատրաստ քայեր ձեռնարկելու, այս ամենը դադարեցնելու համար»,- նշեց մասնակիցներից մեկը:
Խաղաղ ակցիայի ժամանակ հայերին միացավ ազգությամբ էստոնացի մի տղամարդ: Նա հայերեն կոչ արեց չդադարեցնել պայքարը:
«Ես էստոնացի եմ, հայ ժողովրդի հետ եմ: Այսօր ես էլ պետք է գնայի սահման, սակայն տարիքից ելնելով՝ մոտ 10 օրից եմ գնալու: Իմ ազգի անունից ասում եմ, որ Էստոնիան Հայաստանի հետ է: Պինդ եղեք, հայեր»,- ասաց էստոնացի տղամարդը:
Ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն ձայնային ազդանշաններ էի հնչեցնում, այնուհետև մասնակիցները փակեցին ճանապարհի մի հատվածը: