Հոկտեմբերի 11-ին ծննդյան 20-ամյակը առաջնագծում անցկացնելուց 2 օր հետո Արեն Արզումանյանի հարազատները լսել են նրա մահվան բոթը։
Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Արեն Արզումանյանի մորաքրոջ դուստրը՝ Արմինե Հակոբյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց, որ Արենը վերջին անգամ իր ծննդյան օրն էր խոսել մայրիկի հետ և պատմել վատ երազը․ «Մայրիկին պատմել էր, թե երազում սև շորերով մի մարդ կրակում է իր վրա։ Ասել էր՝ «մամ, դիմակը հանեց, անձայն նայում էր ինձ, չէր խոսում, հետո կրակեց․․․»։ Մայրն էլ իր հերթին էր կանխազգացել, որ մի բան այն չէ որդու հետ։ Հենց այն պահին, երբ տղան զոհվել էր, մայրը քնած տեղից վեր էր թռել ու բարձր գոռացել տղայի անունը»,- պատմեց նա՝ ցավով նշելով, որ եղբոր երազն էլ իրականություն է դարձել։ 
 
Արենը մայրիկին չանհանգստացնելու համար չի ասել, որ  կռվում է առաջնագծում․ «Ասել էր, թե իբր ինքը հեռու է այդ ամենից, որ իրենց մոտ հանգիստ է, իրեն վտանգ չի սպառնում։ Միայն եղբայրներին էր ասել, որ ռազմաճակատում է։ Նա ծառայել էր Վարդենիսում, սակայն պատերազմը սկսելուց հետո տեղափոխել էին Քարվաճառ, որտեղ էլ դեպքը եղել էր։ Ծառայակից ընկերները պատմում են՝ կես տոննայանոց ռումբ են գցել իրենց վրա, մի քանիսը վիրավորվել են, մյուսները զոհվել՝ հանուն հայրենիքի, այդ թվում Արենս»,- նշեց մորաքրոջ դուստրը։
 
Իր ծննդավայր Կապանում, Արենը շատ սիրված ու հարգված, խելացի և լուսավոր տղա էր. «3 եղբայր էին, ինքը տան ամենափոքրն էր, սիրված՝ բոլորի կողմից։ 3 ամսից պիտի զորացրվեր։ Անգամ ծառայության ընթացքում էր ժամանակ հատկացնում գիրք կարդալուն, ինքնակրթվելուն։ Սովորում էր Ճարտարապետական համալսարանում։ 1 տարի սովորելուց հետո որոշել էր գնալ հայրենիքի պարտքը կատարելու և վերադառնալ, նոր շարունակել ուսումը։ Բայց ավաղ․․․ չհասցրեց»,- նշում է զինվորի մորաքրոջ դուստրը:

Հիշեցնենքսեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Մինչ օրս մարտերը շարունակվում են, մեր քաջ հայորդիները հայրենիքի ու կյանքի համար պայքար են մղում։

Սոնա Հարությունյան