Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն է եղել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն է հրավիրել խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ է ունեցել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք են եղել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։