Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստհեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց. «Եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, այսօր միգուցե ավելի շա՞տ դաշնակիցներ ունենայինք մեր կողքին, որոնք նույնիսկ պատրաստ կլինեին արյուն թափել մեր կողքին: Կարծում եք՝ դա կարո՞ղ էր, արդյոք, լինել, թե ոչ»:

Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց՝ ինքն այդպես չէր թերագնահատի Հայաստանի աշխատաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, նաև չէր էլ գերագնահատի: Անդրադառնալով ռեսուրսներին՝ նշեց. «Ուղղակի գումարը բավարար չէ: Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները կարող են որևէ որակական փոփոխություն չտալ: Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական»:

ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ այս կառավարությունում, վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ հնարավորություն է տրվել իրականացնել հենց վերոնշյալ նպատակը: «Ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, իաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման մեջ՝ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի հետ այն առումով, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճատարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»,- ասաց Մնացականյանը: