Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը 2020-ի մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Նա միանգամայն տրամաբանական է համարել այս որոշումը»,- ասվում է Հանրային հեռուստաընկերության հայտարարության մեջ։

«Եվրատեսիլ» և «Մանկական Եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալն ասել է. «Հայաստանը «Մանկական եվրատեսիլի» հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։