Այսօր պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստ, ներկա է եղել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություններից՝ խորհրդի անդամները։ Լուսավոր Հայաստան խնբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խորհրդի նիստը չի գումարվել, քանի որ ձայները պակասել են․ «Քվորումը բաց է դեռևս 2 ժամ, այսինքն՝ ԱԺ խորհրդի նիստ հնարավոր է գումարել, մեզ պետք է երեք անդամ, որ միանան ու նիստը գումարենք, անմիջապես նշանակենք ԱԺ նիստ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա անդրադարձավ նաև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ փաստաթղթին՝ ասելով, որ «ստորագրվել է մի խայտառակ, կապիտուլյացիայի փաստաթուղթ»։
«Ձեր իշխանությունը սպառվում է, եկեք մի բան ասեք, սա խորհրդարանական երկիր է, այս երկրում ձեր ձայների հանրագումարով մեխանիկորեն վարչապետ է նշանակվել։ Եթե պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք՝ նորմալ է, հակառակ դեպքում՝ խոստովանեք»,- հայտարարեց Մարուքյանը։
ԼՀԿ-ի ղեկավարը կրկին դիմեց ԱԺ պատգամավորներին․ «Ոնց որ ՀՀ վարչապետն է ստանձնել իշխանությունը, ստանձնել ու չի էլ մտածել, որ բացի դաչայից ու «մերսեդեսից» նաև կա Արցախի հիմնախնդիր, այնպես էլ մտածել են պատգամավորները։ Պատգամավորի գործն այն է, որ ռիսկ անեք ու գաք այստեղ։ Սպասում ենք խորհրդարանում, քվորումը 10։15 լրանում է։ Եթե դուք ձեր անգործությամբ չեք ուզում պրոցեսները մղել խորհրդարանական խողովակ, դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ, իսկ որ դրանք կլինեն, ես կասկած չունեմ, բազմաթիվ զինված մարդիկ են պտտվում երկրում, մինչև ատամները զինված, այն օրը, երբ ես եկել եմ, մտել խորհրդարան, էլի զինված էին։ Եթե չեք ուզում պրոցեսները բերել քաղաքական դաշտ, այդ զինված մարդիկ սկսելու են իրար խփել։ Եկեք Ազգային ժողով»։