Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից:
Այս մասին ընդգծում է կուսակցությունը տարածած հայտարարության մեջ՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական վերաձևումները բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական-քաղաքական կյանքում:
«Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և առաջ են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։ Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից: Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել գործընթացին անմիջապես ներգրավել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ–ին, քանզի համարում ենք, որ ՌԴ-ն հետապնդելով որոշակի շահագրգռվածություն չարաշահել է իր միջնորդական առաքելությունը՝ անտեսելով ու ոտնահարելով արցախահայության շահերը մեր տարածաշրջանում: Նմանատիպ պայքարի միջոցներով հնարավոր կլինի վերականգնել կորցրածը և մեր հերոս ժողովրդին հեռու պահել պարտվողական բարդույթից, սրանով միայն կարող ենք ապահովել մեր քաջարի ժողովրդի հետագա առաջընթացն ու զարգացումը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ, որը ստորագրել են ՌԱԿ ատենադպիր Հովիկ Կարապետյանը և ՌԱԿ ատենապետ Հրաչյա Կարապետյանը: