Սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեղանին դրված է 5+2 բանաձեւը. Այն ժամանակ որեւէ զոհ չկար, եթե ինքը գերագույն հրամանատար էր, ամեն ինչ տեսնում էր, որ այլ ելք չկա, ինչո՞ւ գնաց պատերազմի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազատությանհրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչու այդքան զոհեր տվեցինք, ինչու Շուշին, Հադրութը, Մատաղիսն ու Թալիշը հանձնեց, ինչու»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք իրենք այդ ժամանակ վարչապետին առաջարկել են այդ գնով դադարեցնել պատերազմը, Շարմազանովը պատասխանեց. «Ես եմ հոկտեմբերի 12-ին առաջարկել նրան դիմել ՌԴ նախագահ Պուտինին, որպեսզի խնդրի օր առաջ դադարեցնել պատերազմը, որպեսզի մենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք թե տարածքային, թե մարդկային: Բայց Նիկոլ Փաշինյանը իրականացրել է այն, ինչ արել է: Հոկտեմբերի 12-ին Շուշիի մասին խոսք չկար, խոսվել է միայն 5+2-ից»,-ասաց նա: