Զինադադարից հետո գերի ընկած տղամարդուց արդեն 7-րդ օր է տեղեկություն չկա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ, գերեվարված 40-ամյա Դավիթ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը:
Նա նշեց՝ դիմել է պատկան մարմիններին և կառավարությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել ամուսնուն վերադարձնելու համար, սակայն դեռևս նորություն չկա. «Դիմել եմ Կարմիր խաչի, ՄԻՊ-ի գրասենյակներ, գերիների փոխանակման հարցերով զբաղվող կազմակերպությանը: Ներկայացրել եմ ամուսնուս տվյալներն ու լուսանկարները: Հայաստանն իր մասով հնարավոր բոլոր գործողություններն անում է, մնում է այնտեղից պատասխանը գա», - ասաց նա:
Պարզվում է՝ տեսանյութում ոչ միայն Ժաննան է իր ամուսնուն տեսել, այլև նույն օրը՝ նոյեմբերի 11-ին, Երևանից Արցախ գնացած որոշ անձանց հարազատներ ևս: «Երբ ես հարցազրույցներ տվեցի, տեղեկությունը տարածվեց, տեսանյութում իմ ամուսնու հետ նույն մեքենայում գտնվող տղաների հարազատները ևս ճանաչել էին նրանց և նույն ճանապարհով էլ նրանք են փորձում գտնել տղաներին»,- նշեց Ժաննան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է Դավիթ Իսահակյանը: Նոյեմբերի 11-ին Դավիթը և Արցախի բնակիչներ 75-ամյա Էլզան և 85-ամյա Բենիկը ուղևորվել են Արցախ՝ Մարտունու Գիշի գյուղ, սակայն ճանապարհի կեսից նրանց հետ կապ հաստատել այլևս չի ստացվել։
Մեզ հետ զրույցում Դավիթի կինը պատմեց նաև, որ 3-4 օր ամուսնուց որևէ լուր չստանալուց հետո ամուսնու ընկերը հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների մասին տեսանյութ է տեսել, որում եղել է նաև Դավիթը:
Սոնա Հարությունյան