Մեզնից հեռացավ Արցախյան հերոսամարտի, ազատամարտի հերոսներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:

 

«Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից մեկն է: Փաշինյանն ու իր իշխանության ողջ ոհմակը բարոյական մեծ հարված հասցրին նրան, բայց դա չստացվեց: Մանվելը մեր պատմության մեջ կհիշվի որպես ազգային հերոս, որը նույնիսկ առողջական այդ ծանր վիճակում մասնակցեց նաև այս պատերազմին»,- նշեց Շահնազարյանը:

 

Նա նշեց, որ մի քանի անգամ հիվանդանոցում հանդիպել է Մանվել Գրիգորյանին, սակայն վերջին անգամ նրա հետ զրուցել է նոյեմբերի 8-ին. «Ես առաջիններից մեկն եմ եղել, որը նրա կողքին է եղել և խստորեն դատապարտել եմ ողորմելի հալածանքները, որն իրականացնում էր իշխող ուժը նրա նկատմամբ»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ այս պահին Էջմիածնում տեղի է ունենում Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը: Նա կյանքից հեռացել է երեկ՝ նոյեմբերի 19-ին, կորոնավիրուսային հիվանդության պատճառով, որն ուղեկցվում էր մի շարք այլ հիվանդություններով: