Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին և արտաքին գործերի նախարարին՝ Լոնդոնում ՀՀ դեսպան նշանակելու խնդրանքով։
«Դիմում ենք Ձեզ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության) հայկական համայնքի անունից։ 2019 թվականի հուլիսին ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի մահվանից հետո ՄԹ-ում չի նշանակվել ՀՀ դեսպան։ Առանց այն էլ սակավաթիվ աշխատակազմ ունեցող դեսպանատան համար սա լուրջ հարված է ներուժի և ՄԹ-ում ներկայացուցչական կշռի իմաստով: Սա բնականաբար անդրադառնում է ՄԹ-ում ՀՀ շահերի պաշտպանության, ինչպես նաև ՄԹ-ում հայկական համայնքի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման արդյունավետության վրա։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված հանցավոր պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական համայնքը փորձել է ինքնակազմակերպվել և ուժերի ներածին չափով թե՛ ֆինանսական և թե՛ քաղաքական աջակցություն ցուցաբերել Մայր Հայրենիքին։ Այդ աշխատանքները, սակայն, մեր խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե համապատասխան ներուժով զինված և դիվանագիտական բարձր մակարդակով ներկայացված դեսպանատունը նախ ակտիվորեն աշխատեր Միացյալ Թագավորության քաղաքական շրջանակների և հասարակության հետ, և երկրորդ՝ խաղար համակարգող դեր համայնքի ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու գործում։
Այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական, իրավական և քաղաքական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր, որն ունի շուտափույթ լուծման կարիք։ Սա էլ ավելի է կարևվորվում, հաշվի առնելով Ադրբեջանի լավագույնս ներկայացված լինելը և շատ ակտիվ աշխատանքը ՄԹ-ում՝ ի պաշտպանություն Արցախի հարցում իրենց շահերի։ Մենք պարտավոր ենք ունենալ համապատասխան կարողություններ թշնամու այդ ջանքերը հակադարձելու համար։
Մենք չենք կարծում, որ դիվանագիտության մեջ կարող ենք մեզ թույլ տալ քաղաքական ֆատալիզմ և ձեռք քաշել պայքարի առավել ծանր ու դժվար ճակատներից։ Հակառակը, ամենաբարդ ճակատը պետք է ամենալավը զինված և պաշտպանված լինի։ ՄԹ-ի շահերը և քաղաքական հետաքրքրությունները չեն սկսվում և ավարտվում նավթա-գազային արդյունաբերությունում նրա ունեցած շահերով։ ՄԹ-ն շատ ավելի բարդ քաղաքական կառույց է և մենք վստահ ենք, որ ճիշտ, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում Հայաստանի շահերը կարող են համարժեքորեն ներկայացված և պաշտպանված լինել ՄԹ-ում, այդ թվում նաև այստեղի համայնքի ավելի համակարգված և նպատակային աշխատանքի շնորհիվ։
Այսպիսով՝ խնդրում ենք Ձեզ շուտափույթ զբաղվել ՄԹ-ում Հայաստանի դեսպանի նշանակման գործով, ընտրել հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու, ամենակարող և ամենաներկայացուցչական անդամներից մեկին՝ հաշվի առնելով ՄԹ-ում մեր շահերը ներկայացնելու հետ կապված թե՛ դժվարությունները և թե՛ կարևորությունը։
Մնում ենք Ձեր տրամադրության տակ՝ Ձեր ցանկացած հարցադրման պատասխանելու կամ Ձեզ այս գործում հնարավորինս աջակից լինելու պատրաստակամությամբ»։
Նամակն ստորագրել է Միացյալ Թագավորության հայ համայնքի 80 ներկայացուցիչ: