«Հանդիպեցինք ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որոնց հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը, որն էլ կփոխանցվի դեսպանին: Ասացինք՝ ակնկալում ենք պատասխան, ասացին՝ լավ, դեսպանի նամակին ծանթանալուց հետո պատասխանը կփոխանցենք ձեզ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:

Նա նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե մշակույթի մարդիկ ուղղորդվում են մեկի կամ որևէ կուսակցության կողմից, նշելով՝ դա տականքություն է. «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին, ի՞նչ ուղղորդվածություն կարող է այս ամեն ինչի մեջ լինել: Գոնե, այս խնդրում չի կարող որևէ ուղղորդվածություն լինել, սա հարց է, որը հուզում է բոլորին»,- ընդգծեց նա:

Վերջինիս համար անընդունելի է, որ հողերի հանձման հստակ ժամկետները կան, նշված են, բայց գերիների վերադարձման վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա. «Մեր սրտից են պոկել մեր հողի ամեն մի սանտիմետր ու հանձնել, իսկ մեր զավակներին, եղբայրներին այդպես թողել են բախտի քմահաճույքին, անհնար է, բայց այդպես է եղել: Մենք չենք հրաժարվում մեր պարտականություններից, միայն թե կանգ առե՛ք, վերադարձնենք մեր դիերը, գերիներին նոր շարունակեք գործընթացը»,- ասաց դերասանը: