Վերջին տարիներին ընդունված է համարել, որ առողջապահության ոլորտում իրականացվել են էական բարեփոխումներ եթե ոչ հեղափոխություն։ Եվ իրոք դրա համար ստեղծվել էին բոլոր նախադրյալները, մասնավորապես 2019թ-ին առողջապահական ծախսերը ավելացել էին աննախադեպ 24%-ով, ինչը ենթադրում էր, որ դա պետք է դրական անդրադարձ ունենա ժողովրդագրական հիմնական ցուցանիշների, ծառայությունների հասանելիության և որակի վրա։
Սակայն պաշտոնական վիճակագրությանը վկայում է չիշտ հակառակի մասին։

Մահերը, 2019 թվականին ավելացել են շուրջ 2%-ով, ընդորում ի հաշիվ այնպիսի պատճառների որոնց դեմ պայքարն եղել է ամենագովազդվածներից մեկը, օրինակ չարորակ նորագոյացություններից՝ 4,4%-ով։

Ծառայությունների հասանելիությունը ևս չի փոխվել, չնայած շահառուների խմբերի ավելացման մասին Առողջապահության նախարարության պարբերաբար ներկայացվող հայտարարությունների։ Այսպես, առողջության առաջնային պահպանման հաստատություններ չդիմելու հիմնական պատճառներից երկրորդ տեղում շարունակում է մնալ բուժվել ֆինանսապես ի վիճակի չլինելը։ Սա նշանակում է, որ ոչ աղքատների 12%-ը, աղքատների 24,5% և ծայրահեղ աղքատների 49%-ը ինչպես չէին կարողանում բուժվել, այնպես էլ ներկայում խնդիրներ են ունենում բշժկական ծառայությունների հասանելիության հետ։

Ցավոք դրական տեղաշարժ չկա նաև ծառայությունների որակի բարելավման գործընթացում։ Համաձայն 2019թ.-ի ՏՏԿԱՀ արդյունքների, ծառայությունների մատուցման գործում արձանագրված ամենաբացասական տեղաշարժերը գրանցվել են, աղբահանության (17.0%),
առողջապահության (10.1%) և կրթության (9.0%) և ոլորտներում։

Թերևս հատուկենտ փոփոխություններից է աշխատավարձերի ավելացումը առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում՝ 16,1%-ով։

Եվ այս ամենը արձանագրել է «խաղաղ» 2019 թվականին, ակնհայտ է, որ ընթացիկ տարվա տվյլաները լինելու են էլ ավելի մտահոգիչ։ Բավական է նշել, որ կորոնավիրուսային վարակի դեմ ակնհայտ չստացված պայքարի արդյունքում 2020 թվականի առաջին 9 ամիսներին արձանագրվել է շուրջ 8%-ով ավելի շատ մահ քան 2019-ի նույն ժամանակահատվածում։ Կասկած չկա, որ տարեվերջին ցուցանիշները լինելու են էլ ավելի բացասական, քանի որ COVID-19 տեսանկյունից դրամատիկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պաշտոնական ամփոփումը դեռևս հրապարակված չէ։

Այս ամենը վկայում է, որ իրականում բարեփոխումներ չեն եղել։ Եղել է դրա իմիտացիա՝ մարդկանց շրջանում պատրանք ստեղծելու նպատակով։
Փաստացի, կատարված աշխատանքը շոշափելի անդրադարձ չի ունեցել մարդկանց առողջության, բավարարության և բժշկական օգնություն հասանելիության վրա, իսկ կառավարության կողմից առողջապահությնաը հատկացված գումարները ըստ էության ծախսվել են անարդյունավետ։

Գագիկ Միրիջանյան

Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ. դոցենտ