Հայ հասարակությունը, ճիշտ է` հետին թվով, սակայն հասցրել է այս ընթացքում ծանոթանալ լրագրող, ընդդիմադիր գործիչ, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցրած հայտարարություններին և մոտեցումներին: Հասցրել է նաև հասկանալ, որ Փաշինյանը այսօր Արցախի հարցում իրագործում է այն մոտեցումները, որոնք իր մոտ առկա են եղել դեռևս տասնյակ տարիներ առաջ: 


Սակայն, այսօր Հայաստանի քաղաքացիների առաջ անչափ սուր դրված է նաև Մեղրիի հարցը, քանի որ եռակողմ պայմանագրով նախատեսվում էր այդ հատվածով Թուրքիային և Ադրբեջանին միջանցք տրամադրել՝ Նախիջևանով միմյանց հետ կապվելու համար: Իշխանությունները լռում են և հասկանալի չէ՝ ինչպես է իրագործվելու այս ծրագիրը առանց Մեղրիի պատկանելիությունը կասկածի տակ դնելու: 

Դեռևս 2001 թվականին Փաշինյանին պատկանող կայքում լույս է տեսել Փաշինյանի հոդվածը, որը վերնագրված էր «Մենք և մեր շահերը»: Փաշինյանը, մասնավորապես, գրում էր. «Մեղրիի հարցի մուտքը օրակարգ, եթե արտահայտվելու լինենք կենցաղային լեզվով, հայի չուզողության հետեւանք է: Ավելի ճիշտ, չուզողությունը պետության քաղաքականության հիմքում դնելու հետեւանք: Թուրքերը գիտեն ինչ են ուզում. նրանք ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա, ու եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում հավակնություններ ունեցող որեւէ այլ դաշնակից չունի, ստացվում է, որ ի դեմս Թուրքիայի, Կենտրոնական Ասիա է ուզում դուրս գալ ԱՄՆ-ը: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում: Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաեւ Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»: 

Հոդվածի ողջ իմաստն, այսպես ասած, «լավ ապրելն է»։ Եվ հոդվածագիրն, իմանալով հայության բավականին ստվար հատվածի նյութապաշտ, անհայրենիք լինելը, նրանց գայթակղում է տարածքներ՝ հանուն «լավ ապրելու» գաղափարով։ Եվ նյութաիշխանապաշտ գավառական լրագրողը, բացահայտ «լավ ապրելու» զոհասեղանին է դնում Մեղրին` միևնույն ժամանակ առաջ բրդելով տարածաշրջանից ռուսներին հեռացնելու ծրագիրը: 

Արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազվադեպ էր խոսում Մեղրիի մասին, միայն այն ժամանակ, երբ առիթ էր ստեղծվում քաղաքական կսմիթ հասցնելու իր նախորդներին: Մասնավորապես, նա հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռազմակավարությունը Արցախի հարցում Մեղրին հանձնելն էր և քամահրորեն հարց էր տալիս լրագրողին՝ Քոչարյանը ո՞վ է, էն որ Մեղրին ուզում էր փոխանակել: Սակայն, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք, որը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե գիտեր Մեղրիին սպասվող ճակատագրի մասին: Իշխանության գալուց հետո Փաշինյանը փաստացի տորպեդահարեց և առկախեց նախորդների հավակնոտ ծրագիրը, խոսքը Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին է: Իշխանությունները ոչինչ չարեցին ԱՏԳ զարգացնելու համար, փոխարենը սկսեցին նոր պրոյեկտ՝ Գյումրիի ազատ տնտեսական գոտին, մինչդեռ հասկանալի է, թե որքան կարևոր կլիներ հենց Մեղրիի ԱՏԳ հետագա զարգացումը և ներդրումները այս ուղղությամբ: Փաշինյանը դա գիտակցաբար չի արել, ինչո՞ւ: Գուցե այլ պլաններ ուներ, պլաններ, որոնք չի թաքցրել դեռ սեփական կայքում սյունակագրի կարգավիճակում լինելուց…