«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում են փոփոխություններ: Իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft կայքում հրապարակվել է նախագիծ, որից տեղեկանում ենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:
Նշվում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ ներկայացված մյուս օրենքներում Երեւան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման եւ Երեւանի քաղաքապետին քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:
Նախագծում նշվում է, որ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:
Հիշեցնենք, որ մինչ այս ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Մեսչյանը: