Այն, որ ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, մեղմ ասած, կտրված է իրականությունից, ապացուցվեց այսօր, երբ հանրային պահանջներին ադեկվատ արձագանքելու փոխարեն՝ «Իմ քայլի» պատգամավորները զբաղված էին սուրբ գործով՝ պետական տուրքեր բարձրացնելով:
Մասնավորապես, քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու տալու և վերականգնելու համար պետական տուրքն ավելացվում է 2000 ՀՀ դրամով, ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման տուրքն ավելացվում է 9000 ՀՀ դրամով, ապոստիլի համար գանձվող տուրքը ավելացվում է 5000 ՀՀ դրամով, հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքն ավելացվում է 9000 ՀՀ դրամով, ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ' վկայական տալու տուրքն ավելացվում է 25000 ՀՀ դրամով։
Ինչ է ստացվում՝ հայ առաքելական եկեղեցու երկու հայրապետերը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, 17 քաղաքական ուժերը, հանրության գերակշիռ մասը, սփյուռքի երեք տասնյակ կառույցներ, ՀՀ տասնյակ համայնքների ղեկավարներ, ավագանիներ պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, պահանջում են ԱԺ-ից գործուն քայլեր կատարել՝ սահմանադրական ճանապարհով հեռացնել Փաշինյանին և ընտրել նոր վարչապետ, պահանջում են ԱԺ-ից զբաղվել հայ ռազմագերիների հարցերով, իսկ այդ նույն ընթացքում ԱԺ քաղաքական մեծամասնությունը, որը վերջնականապես է կտրվել իրականությունից, զբաղված է իր սիրած գործով՝ տուրքեր բարձրացնելով: Այս ԱԺ-ն աննախադեպ է լինելու միայն մեկ հարցում՝ ընդունված օրենքների առյուծի բաժինը վերաբերվում են հարկեր ու տուրքեր սահմանելուն, բարձրացնելուն: Այժմ էլ, երբ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամում, երբ առկա են հազարավոր փախստականներ, հսկայական գնաճ, խորհրդարանը, փոխարենը մեղմացնելու սոցիալական դրությունը, մի բան էլ նոր հարված է հասցնում քաղաքացիների գրպանին: Թերևս, սա միակ բանն է, ինչը փայլուն է ստացվում իմքայլականների մոտ...