Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 54 դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Վերջին ժամանակաշրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու համար Թուրքիան Փարիզում նշանակել է նոր դեսպան։
Ֆրանսիայում Թուրքիայի ներկայիս դեսպան Իսմայիլ Հաքքը Մուսային կփոխարինի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Օնաները։
Հատկանշական է, որ Օնաները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համակուրսեցին է եղել։ Ֆրանսիական «Le Point» թերթը թուրք դեսպանի նշանակման լուրը հետևյալ վերնագրով է լուսաբանել․
«Էմանուել Մակրոնի թուրք ընկերը Փարիզում դեսպան է նշանակվել»։
Իսկ թուրքական մամուլը գրում է, որ այդ նշանակմամբ հնարավոր է նոր էջ բացվի թուրք-ֆրանսիական հարաբերություններում։
47-ամյա թուրք դիվանագետ Ալի Օնաները 2002-2004թթ․ Էմանուել Մակրոնի հետ սովորել է Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցում (ENA)։