Երեկվանից համացանցում տարածվում է տեսանյութ, որում հստակ երևում է' ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին' ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում' Ջերմուկի մոտ գտնվող սարերում' զորամաս կառուցելու նպատակով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ «Կամազ» մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։

Իր հերթին' լարված և գրեթե անկառավարելի իրավիճակ է ստեղծվել Սյունիքում: Մարզի բոլոր համայնքապետերը հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և դա հասկանալի է. Սյունիքը այսօր Փաշինյանի գրչի մեկ շարժումով դարձել է սահմանամերձ և, ցավոք, մատնվել անիշխանության: Դավիթ Բեկ գյուղի գյուղապետը այդպես էլ չստացավ ՊՆ աջակցությունը, որը օրեր առաջ պահանջում էր: Խոշորացված Տեղ համայնքի Արավուս գյուղի մոտ 50 հեկտար պահուստային ու սեփականաշնորհված հողերը շարունակում են մնալ ադրբեջանական դիրքերից այն կողմ: Դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հայկական լրատվամիջոցներով տարածվեցին տեղեկություններ, որ ադրբեջանցիները հայկական ինքնապաշտպանական ուժերին Կապանի մերձակայքի դիրքերը լքելու վերջնաժամկետ են տվել։ Ավելի ուշ տարածվեցին նոր հրապարակումներ, որ Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել, իսկ թշնամին 10 ժամ է տվել դիրքերը լքելու համար։ Այս իրավիճակում անչափ ուշագրավ է Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետների և փոխմարզպետների պահվածքը: Վերջիններս, կարծես թե, պատերազմի 44 օրերից որևէ դաս չեն քաղել և չնայած ակնհայտ վտանգին, որը դամոկլյան սրի պես կախվել է այս երկու մարզերի վրա՝ ժողովրդի գլխի տակ փորձում են փափուկ բարձ դնել' կատարելով վերևից եկող հրահանգները:

Դիցուք՝ չնայած ակնհայտ փաստերի, որ Վայոց Ձորում առկա են երևույթներ, որոնք որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից, Վայոց Ձորի մարզպետը հայտարարում է, որ սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ Բացի այդ, նա հաթաթա է տալիս լրատվամիջոցներին, որոնք, ըստ իրեն, մանիպուլացնում են տեղեկատվությունը:

Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետն էլ այնքան մեծ ջանք են գործադրել իրականությունը հերքելու համար, որ, ըստ էության, հերքել են միմյանց: Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքում գրել է, թե Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են, ու իրավիճակը վերահսկելի է։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասել էր, որ չնայած փոխհրաձգության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն ադրբեջանցիներն իրենց խրամատներից բարձրախոսով իսկապես պահանջել են, որպեսզի հայ սահմանապահները հեռանան իրենց դիրքերից։ Ներկա պահին, ըստ մարզպետի, մոտակա ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստականության վիճակի, կատարվում է ուժեղացված հերթապահություն։

Այսինքն ի՞նչ է ստացվում' մի կողմից մենք ունենք Վայոց Ձորի և Սյունիքի մարզի 100-ից ավել համայնքներ, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, բայց արի ու տես, որ այդ մարզերի դրածո ղեկավարները ոչ միայն վտանգ չեն տեսնում, դեռ մի բան էլ մեղադրում են մեդիային, կամ բնակչությանը սադրելու և սադրանքին տրվելու համար: Այսինքն՝ շարունակվում է պատերազմի 44 օրերի ընթացքում տարված ստի և ամեն գնով ճշմարտությունը թաքցնելու, լղոզելու, հանրությանը թմբիրի մեջ մտցնելու քաղաքականությունը…