ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: Նախօրեին գերիների մեծ քանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,- ասաց Բաղդասարյանը:

Նազելի Բաղդասարյանը հավելեց, որ խորհրդարանում վարչապետի և խմբակցության հանդիպումը եղել է «Իմ քայլը»-ի նախաձեռնությամբ: