ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խնդիր չի տեսնում, Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել անորոշության պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում:

«Արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից մենք այս պահի դրությամբ խնդիրներ չենք տեսնում: Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերվում են արտահանմանը, ներմուծմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, ապա այստեղ որևէ արտառոց բան չի դիտվում: Ֆունդամենտալ առումով արժութային փոխարժեքի հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայում այն կրկին նվազել է: «Այսպիսով երկու դրական բան, որ մեր գնահատականով պետք է որևէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան փոխարժեքի վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսավարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ ի օգուտ արտարժույթի: Դրա արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ բնականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ հավելյալ պահանջարկը կարող է ազդել փոխարժեքի արժեզրկման համար: Դա ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնք ձևավորում են որոշակի սպասումներ: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ սկսում են բալանսավորում իրականացնել, խզում են իրենց դրամային դեպոզիտները, մեր նախնական հաշվարկներով տնային տնտեսություններն ու բիզնեսները Հայաստանում 5-7 մլրդ դրամի վնաս են կրել՝ չստացված տոկոսի մասով:Ես չգիտեմ՝ քանի ճգնաժամ պետք է անցնենք, որ հասկանանք, որ նման բաներ պետք չէ անել»,-ասաց նա:

ԿԲ-ն շարունակելու է բանկերին տրամադրել դրամային իրացվելիություն, բացի դրանից այսուհետ տրամադրելու է արտարժութային իրացվելիություն, որ որևէ խնդիր չունենան:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:

Հայաստանում վերջին դրամն արժեզրկվում է: Դեկտեմբերի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.63 դրամով և կազմել 525.09 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.35 դրամով և կազմել 638.35 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.15 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով և կազմել 699.58 դրամ: