Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ երեկ՝ ուշ երեկոյան, երբ ՊԲ-ից հերթական խուսափողական պատասխաններն են տրվել անհետ կորածների հարազատներին, նրանք ծեծի են ենթարկել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին:

Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց անհետ կորածների հարազատներից Անահիտ Ադոյանի հետ, որը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հաստատ այդ 40 անհետ կորածներից և ոչ մեկի հարազատը կապ չունի դրա հետ. «Այդ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան, սակայն մենք ժամը 7-ից հեռացել ենք այնտեղից, քանի որ ես պետք է հանդիպեի գերությունից վերադարձ Տիգրանի հետ, որը այն զորամասից էր, որտեղ ծառայում էին մեր երեխաները»,- ասաց Անահիտ Ադոյանը:

Վերջինս նաև ասաց, որ երեկ իրեն է դիմել մի կին, ով ներկայացել էր որպես անհետ կորած զինծառայողի մայր, առաջարկել է, որ միանան իրար, սակայն Անահիտ Ադոյանը մերժել է այդ առաջարկը. «Ասացի, որ մենք չենք կարող այս պահին միանալ, քանի որ մենք մեր ծրագրով ենք շարժվում: Այդ կինը բոլոր ծնողներիս մի տեսանյութ էր ուղարկել, որում իրենց ծնողներից երկու տղամարդ ասում էին՝ տվե՛ք, ջարդե՛ք, սպանե՛ք: Երբ մեզ միանալու առաջարկը ստացա այդ կնոջ կողմից, ինքս իմ մեջ մտածեցի՝ 50 օր է, ինչ պայքարում ենք, մեզ ոչ մեկ չմիացավ: Ինձ թվում է, որ այդ խումբն է հենց ծեծի ենթարկել»,- նշեց անհետ կորած զինծառայողի մայրը:

Անահիտ Ադոյանը մեզ հետ զրույցում նաև կիսվեց Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման մանրամասներով. «Օնիկ Գասպարյանը մեզ հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մեր գործողությունների ֆոնին հակառակորդը իրավիճակից օգտվում է, այլ քայլեր է ձեռնարկում: Այս պահի դրությամբ էլ ուժեղ մարտեր են, իսկ եթե մարտեր են, ոչ մի փոխանակում չի կարող լինել, իսկ երբ որ մարտերը դադարեն, վերին ատյաններից փոխանցել են, որ առաջինը կմտնեն այդ հատվածը՝ որոնելու»,- նշեց Ադոյանը:

Զրուցեցինք նաև Անահիտ Ադոյանի հետ կապ հաստատած անհետ կորած զինծառայողի մոր՝ Ղազարյան Կարինեի հետ, որը այդ պահին ՊՆ -ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում և մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այդ պահին ՊՆ-ի դռները ջարդել են և մտել ներս. «Մեր ծնողների խումբը ոչ մեկին ծեծի չի ենթարկել, որ երեկ նման բան արած լինեինք, այսօր նորից չէինք գա այստեղ»,- նշեց Կարինեն:

Ըստ նրա՝ նման լուրեր տարածում է հենց ՊՆ-ն, որ ծնողները հանկարծ չգնան նրանց մոտ՝ վնասելու. «Իսկ հիմա 100 ից ավելի ծնող արդեն ՊՆ-ի ներսը Օնիկ Գասպարյանին է սպասում, որ դուրս գա, հետներս տանենք Ղարաբաղ, որ տենա ինչ իրավիճակ է»,- ասաց Ղազարյան Կարինեն: