ԼՀԿ-ական պատգամավորներն այս պահին Սյունիքում են, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Նրանք ցանկանում են գնալ Շուռնուխ։
«Մենք ուզում ենք գնանք Շուռնուխ տեսնենք՝ ինչ է կատարվում։ Մենք որպես ընդդիմադիր պատգամավորներ եկել ենք, որպեսզի ձեր կողքին լինենք։ Երեկ գնացել ենք Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։ Հիմա տարբերակներ կան, բայց պետք է բանակցվեն։ Ես չեմ կարող բանակցել, քանի որ ես Կառավարության ներկայացուցիչ չեմ, գործադիր չեմ, վարչապետ չեմ, ԱԳՆ չեմ»,- դիմելով ճանապարհը փակած քաղաքացիներին՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սակայն, սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։
«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,- ասաց բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ այսօր՝ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։