«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հայտնում է․

«2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հանձնառությունը հետպատերազմյան ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին նվազագույն, համահայկական կարևորության սպասված քայլ է։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները միահամուռ ջանքերի ներդրման դեպքում կարող են դառնալ մեր պետության կայունացման և հետագա զարգացման գրավականը։ Այդ ընտրությունները կարող են ոչ միայն քաղաքականապես ամրագրել հասարակության իրական տրամադրությունները, այլև վերածվել ապագայի ծրագրերի ու կոնկրետ բարեփոխումների, քաղաքական գաղափարների և մոտեցումների մրցակցության յուրօրինակ, եզակի հարթակի։ Դա կլինի մեր պետության առջև բարձր պատասխանատվության արտահայտությունը, հասարակության հասունության քննությունը, որի ձախողումն, այլևս, պատմականորեն ու մեկընդմիշտ անթույլատրելի է։

Արտահերթ ընտրության օրակարգը ոչ մի վայրկյան չպետք է ստվերի մեր համազգային նպատակները՝ պետք է աչալրջորեն շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորմանն ուղղված դիվանագիտական աշխատանքները, Հայաստանի սահմաններին և անվտանգային միջավայրին առընչվող հիմնահարցերը, Հայաստանի և Արցախի զինված ուժերի արդիականացման, ժողովրդագրական, տնտեսական զարգացման և սոցիալական ծանրագույն վիճակից դուրս գալու հիմնարար հարցերը։

Անհապաղ լուծում են պահանջում՝ պատերազմում զոհված հերոսների ընտանիքների սոցիալական աջակցության, անհետ կորածների և գերիների հետ կապված անհետաձգելի միջոցառումները։

Միաժամանակ չափազանց կարևոր ենք համարում Ազգային ժողովի կողմից արտահերթ ընտրություններին ընդառաջ մի շարք բարեփոխումների կենսագործումը՝ այդ թվում Կուսակցությունների մասին և Ընտրական օրենսգրքերի, դատաիրավական բարեփոխումների շրջանակում վեթինգի և հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը։ Այս բոլորն անհրաժեշտ ենք համարում ժողովրդի կամարտահայտության և ժողովրդավարության պաշտպանության համար ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման համատեքստում։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցելու է նախանշված բոլոր քաղաքական քննարկումներին և արտահերթ ընտրություններին։ Մեր նպաստն ենք բերելու համազգային համերաշխության մթնոլորտում պետության վերականգնման բոլոր գործընթացներին, ջանք չենք խնայելու հայոց պետականության ու ինքնիշխանության ամրապնդման սրբազան գործում»։