Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է մերօրյա հերոս Արթուր Ավետիսյանին:
«Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը…
Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:
Արցախյան վերջին գոյամարտի հենց առաջին օրը Արթուրը «Սև հովազ» ջոկատի կազմում կամավոր մեկնեց առաջնագիծ: Հոկտեմբերի 7-ին նա իր 48-ամյակը նշեց դիրքերում՝ առաջնագծում: Ընկերոջ՝ Հրաչ Դավթյանի փոխանցմամբ՝ Արթուրն ասում էր, որ կյանքում չի մոռանա իր ծննդյան այդ օրը:
«Շատ ուրախ էր, աչքերը փայլում էին: Նույնիսկ մի քանի անգամ փչեց տորթի մոմերը», - հիշում է ընկերը: Սակայն Արթուրի ուրախությունը կարճատև էր. հոկտեմբերի 15-ին նա զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:
Արթուրը 2 դուստր ունի. մեծ աղջիկը՝ 15-ամյա Ալլան, ապագա բժշկուհի է, հայրենասեր հոր օրինակով կյանքեր պիտի փրկի, իսկ փոքրիկը՝ 7-ամյա Սոֆին, այլևս չի հարցնում, թե երբ է հայրիկը տուն գալու. նա այս հարցի պատասխանն արդեն գիտի…
Կինը՝ Արփինե Ավետիսյանը, պատմում է, որ Արթուրը վայելում էր բոլորի հարգանքը: «Բոլոր իրեն ճանաչողները կարող են դա փաստել: Արթուրը շատ նվիրված էր իր աշխատանքին: Եթե զինվորներից մեկը ջերմություն էր ունենում, ամբողջ ընտանիքով անհանգիստ էինք լինում. շատ էր սիրում իր զինվորներին», - նշում է Արփինեն:
Դուստրերի մեջ դեռ փոքրուց Արթուրը սերմանում էր հայրենասիրություն: «Մեծ աղջիկս անգամ զորամաս էր գնացել հայրիկի հետ՝ բուժկետի զորքի Ամանորը շնորհավորելու: Հիմա Ալլան ասում է. «Շատ լավ բժիշկ պետք է դառնամ, որ հայրիկիս անունը բարձր պահեմ», - ավելացնում է կինը:
Ծառայակից ընկերը՝ ենթասպա Արմեն Ասլանյանը, պատմում է. «Տասը տարի միասին ենք ծառայել: Արթուրը լավ մարդ էր ու լավ բժիշկ: Հեշտությամբ ախտորոշում էր ցանկացած հիվանդություն և արագորեն բուժում նշանակում»: Արթուրի շփման շրջանակն, ընկերոջ խոսքով, շատ մեծ էր, և բոլորի կողմից նրա մարդ տեսակը գնահատված էր:
Մյուս ընկերը՝ 30-ամյա Հրաչ Դավթյանը, որն Արմավիրի դպրոցում ֆիզիկական կուլտուրա է դասավանդում, նշում է, որ Արթուրն իր համար ավագ եղբայր էր:
«Ինձ միշտ զերծ էր պահում վտանգավոր քայլերից: Հոկտեմբերի 5-ին, երբ միասին ռազմաճակատում էինք, ինձ շնորհավորեց Ուսուցչի օրվա առթիվ: Շատ նրբանկատ էր, հավատարիմ, ամեն ինչ հիշում էր, միշտ լավատես էր ու երբեք չէր տրտնջում», - ավելացնում է ընկերը:
Անմահ հերոս Արթուր Ավետիսյան… Խոնարհվում ենք…»,- գրել է նա: