Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ տարիներ շարունակ հավատարիմ են իրենց ոճին: Աստղերի արտաքին տեսքը որոշակիորեն «պատմում է» նրանց մասին: Ո՞րն է հայ աստղերի այցեքարտը:
Օրինակ' Նազենի Հովհաննիսյանի համար այցեքարտ է դարձել իր երկար վարսերը, ինչով հաղորդավարուհի, դերասանուհին տարբերվում է մյուսներից: Նախ և առաջ սա պայմանավորված է դերասանուհու հավատարմությամբ, որը նա ունի սեփական վարսերի նկատմամբ: Տարբեր սանրվածքների միջոցով հաղորդավարուհին հաճախ կարճ մազերի «պատրանք» է ստեղծում, սակայն դրանք կտրել չի համարձակվում:
Երգչուհի Ջուսը միշտ առանձնացել է իր մարմնավորած համարձակ կերպարներով: Նա այն երգչուհիներից է, ում արտաքինն ու ներքինը որոշակի անհամապատասխանության մեջ է. երբ լսում ենք երգչուհու համեստ խոսվածքն ու դանդաղ, ցածր տոնայնությունը, տպավորություն է ստեղծվում, թե զրուցում ենք աշխարհի ամենահանգիստ բնավորությամբ անձնավորության հետ, մինչդեռ իրականում Ջուսի էնեգետիկան երբեմն վնասում է հենց իրեն:
Երգչուհին իր լսարանին ներկայացել է կրակագույն, կարմիր, կապույտ և այլ գույների մազերով: Իսկ ապագայում նրա քայլերը կանխագուշակել չենք համարձակվում:
Դերասան Անդրանիկ Հարությունյանի այցեքարտն իր մեծ քիթն է: Նա իր մարմնավորած դերերով հասցրել է գրավել հասարակության ու հանդիսատեսի ուշադրությունը և մնալ նրանց հիշողության մեջ որպես «մեծ քթով համով» դերասան:
Ի՞նչ կասեք Արսեն Գրիգորյանի մասին: Հիմա կհարցնեք, որ Արսենի: Ես ձեզ կպատասխանեմ' «խուճուճ»:
Այս բառով արդեն ամեն ինչ ասված է. դերասան, հումորիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը թե' իր շրջապատում, և թե' իր լսարանին հայտնի է իր խուճուճ մազերով, ինչը նրա պարագայում ևս հանդիսանում է այցեքարտ:
Ինչո՞վ է տարբերվում մյուս արտիստներից Հովհաննես Ազոյանը: Այո, իր կարճահասակությամբ և կկվի բույն հիշեցնող գանգուր ու փարթամ մազերով: Խոստովանենք, որ Հովոյի մազերը նրան յուրահատուկ ոճ ու ներկայացուցչականություն են հաղորդում: Ազոյանի պարագայում նրա այցեքարտը հանդիսացան իր մազերն ու հասակը:
Դերասանուհի Զառա Արամյանն աչքի է ընկնում իր գիրությամբ, ինչը դերասանուհուն ավելի «համով» տեսք է հաղորդում: Զառան, որ տարիներ շարունակ ունի շեկ վարսեր և փարթամ մարմին, վերջերս նիհարել է տասնյակ կիլոգրամներով, սակայն այնուամենայնիվ չի կորցրել բոլորիս կողմից այդքան սիրված իր այցեքարտը:
Իր կարճ շրջազգեստներով, գլխի չափերը մի քանի անգամ գերազանցող սանրվածքներով բոլորիս հիշողության մեջ դաջվել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Սակայն, թերևս Լիլիթի գլխավոր առանձնահատկությունը նրա ձայնն է:
Մեզանից շատերը ձգտում են տարբերվել մյուսներից' որոշ դեպքերում անտեսելով սեփական ոճը: Գտե'ք ձեր այցեքարտը, եղե'ք ինքնատիպ: