Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ 2020թ-ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին, ընդհանուր առմամբ հատկացվել է 2,663,320 ԱՄՆ դոլար պարգևավճարն, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է 1,312,79,900 դրամի չափով պարգևավճար՝ ներառյալ հարկերը։ Պարգևավճարներ են ստացել նաև ՀՀ ՔԿ նախագահը, նրա տեղակալները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ թե ինչքան է կազմել այն՝ ՔԿ-ից չեն մանրամասնել՝ ուղղորդելով օգտվել պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տարեկան հաշվետվության հայտարարագրից։
Ընդհանուր առմամբ՝ 2020թ. ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է 1,350,819,400 հազար դրամի չափով (ներառյալ հարկերը) պարգևավճար՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով և 47,423,800 «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։ Այսինքն՝ 2020թ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 2 մլն 663 հազար 320 ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւավճար։