Պատերազմից հետո Հայաստանում ամենաբարձր մակարդակով խոսվում էր պատերազմում մեղավորներին գտնելու և պատասխանատվության կանչելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն խայտառակ ակտից հետո չի եղել գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա, գեթ մեկ բարձրաստիճան սպա, ով պատասխանատվության կկանչվեր պատերազմում կրած պարտության, թույլ տված բոցթողումների, իսկ գուցե նաև դավաճանության համար:

Հայրենի իրավապահ մարմինները շատ ավելի մեծ էնտուզիազմով են լծվում մեղադրանք առաջադրելուն, երբ խոսքը գնում է օրինակ՝ պատերազմում անհետ կորած զավակ ունեցող ծնողին կալանավորելու մասին: Ընդ որում մեղադրանքը ներկայացվում է այն պատճառով, որ վերջինս իր անձնական ավտոմեքենայով կոտրել է ՊՆ դուռը: Նոր Հայաստանում դռներ էլի են կոտրվել, հիշեցնենք, եթե ոմանք այդ մասին հասցրել են մոռանալ: 2018-ի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հարձակվել էին ռադիոտան վրա՝ կոտրելով այս շինության դուռը: Մինչ օրս տվյալ արարքին քրեաիրավական գնահատական չի տրվել և որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել, ավելին՝ դուռը կոտրողներից շատերը այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ուշագրավ երկակի ստանդարտներ են ուրվագծվում, երբ նույն արարքը կատարելու համար ոմանց կալանավորում են, առանց հաշվի առնելու անգամ օբյեկտիվ իրողությունները, բարոյահոգեբանական վիճակը և անզորության աստիճանը, որին ծնողները հասել են պետության ապիկարության պատճառով: Իսկ ոմանց այդ նույն արարքը կատարելու դիմաց պետական բարձր պաշտոններ են շնորհում: Թերևս, սրանում է Նոր Հայաստանի ողջ թշվառությունը...